Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակում Արարատի մարզում վերականգնվում է ընդհանուր 10 կմ երկարությամբ 5 ճանապարհ՝ Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ‚ Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ-9 (2.7 կմ)‚ Տ-2-38-Այգեզարդ (2.1 կմ)։ Այս ճանապարհները գյուղական համայնքները միացնում են հանրապետական և միջպետական ճանապարհներին՝ հեշտացնելով շուկաների և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը մարզերի բնակչության համար։
Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 ճանապարհահատվածում էլ սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Այստեղ կատարվում են նաև կամրջի ամրացման աշխատանքներ։ Շինարարները նշում են‚ որ կամուրջն ամբողջովին քայքայված վիճակում էր։ Աշխատանքների ընթացքում մաքրվել է ջրանցքի հունը‚ որտեղից մոտ 120 մեքենա աղբ է տեղափոխվել։
Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ 2.7 կմ երկարությամբ ճանապարհին հողային վերջին մշակումն է կատարվում‚ մեկնարկել են ենթահիմքի տեղադրման աշխատանքները։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նկատում է‚ որ առաջացել էին բնակիչների մուտքերի հետ կապված որոշ խնդիրներ‚ որոնք բնակիչների հետ համագործակցությամբ լուծվել են։