ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և բժշկական հաստատության տնօրենի կողմից այդ կաշառքը տալու դեպքերի առթիվ
քրեական գործն ուղարկվել է դատարան: 2019 թ. մարտի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ
հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Ա. Դ.-ը,
հանդիսանալով պաշտոնատար անձ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք է
ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական
դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Մասնավորապես, Ա. Դ.-ն, 2019 թ. հունվարից մինչև նույն թվականի մարտի 30-ն
ընկած ժամանակահատվածում ընդունել է ՀՀ-ում գործող բժշկական
հաստատություններից մեկի տնօրեն Ռ. Ա.-ի առաջարկը՝ նյութական առավելություն
ստանալու դիմաց, վերջինիս օգտին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով,
ծառայության գծով ցուցաբերել հովանավորչություն և պարբերաբար նպաստել իր
համակարգման բնագավառում որոշակի գործողություններ կատարելուն: Այսինքն՝
նպաստել ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով իրականացվող` նշված
կազմակերպության 2019 թ. պետական ֆինանսավորումը 2018 թ. բյուջեի համեմատ
հնարավորին քիչ կրճատելուն, ապա 2019 թ. ընթացքում ֆինանսավորման չափը
ավելացնելուն, գինեկոլոգիական վիրահատությունների համավճարների չափը
չնվազեցնելուն, աշխատավարձային ու բոնուսային վարձատրության մասնաբաժինները
պետական պատվերների շրջանակներում փոփոխելուն և վերաբաշխելուն:
Ի կատարումն նշված պայմանավորվածության` Ա. Դ.-ն, Ռ. Ա.-ի օգտին իր
պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է նաև վերջինիս ղեկավարած
կազմակերպության 2019 թ. ֆինանսավորումը հնարավորինս քիչ կրճատելուն և
միջոցներ է ձեռնարկել նշված կազմակերպության աշխատավարձային ու բոնուսային
վարձատրության մասնաբաժինները պետական պատվերների շրջանակներում փոփոխելու
և վերաբաշխելու ուղղությամբ: 2019 թ. մարտի 30-ին Ա. Դ.-ն իր
աշխատասենյակում Ռ. Ա.-ից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով
կաշառքի գումարը` 3000 ԱՄՆ դոլար:
Վերը շարադրվածի համար Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական
օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Ռ. Ա.-ին մեղադրանք է
առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել է
նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի
կողմից, և քրեական գործի հետ ուղարկվել է դատարան` ըստ էության քննելու
համար: