Երևանյան շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած երեխան վերջին հետազոտությունն է անցել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երեխայի բուժման պրոցեսը կարելի է ավարտված համարել: «Այս շաբաթ Վիքսոմների ընտանիքը կլքի Հայաստանը»,- նշված է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությա մեջ:
Վիքսոնների ընտանիքը ԱՄՆ-ից առաջին անգամ Հայաստան էր ժամանել հանգստի նպատակով: Սակայն ժամանելու հենց հաջորդ օրը՝ նախաճաշի ժամանակ, Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկում վարձած բնակարանի պատուհանից 2.5 տարեկան Արվինը ընկել էր: Սեպտեմբերի 5-ին հորական կողմից հայկական արմատներ ունեցող երեխան անգիտակից վիճակում, բազմաթիվ վնասվածքներով ու կոտրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ 20 օր անց՝ կազդուրված դուրս գրվել այնտեղից:
«Ծնողները ևս մեկ անգամ շնորհակալություն են հայտնում բոլորին, որոնք անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Նրանք շնորհակալ են նաև բժշկական թիմին, որը թույլ տվեց հավատալ հրաշքներին»,- նշված է հաղորդագրությունում: