Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձավ վարչապետ Փաշինյանի հնչեցրած այն դիրքորոշմանը, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
«Լիովին համաձայն եմ վարչապետի հետ, քանի որ եթե լինի մի տարբերակ, որին համաձայն չլինի Ադրբեջանի ժողովուրդը, ապա դա լարվածության, պատերազմի վերսկսման հնարավորություն է»,- նշեց Դ. Տոնոյանը:
Հարցին՝ կա՞ այդպիսի տարբերակ, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ կա, դա պատերազմի վերսկսման անհնարինությունն է»:
Պաշտպանության նախարար Տոնոյանը համաձայն չէ շրջանառվող «վերելակային բանակցություններ» արտահայտությանը, նա կարծում է, որ հայկական կողմը, մասնավորապես, արտաքին գործերի նախարարը, պրոֆեսիոնալ բանակցություններ է վարում:
Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապը պահպանվում է: