2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019 թ. բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։ Այդ մասին հայտնել են նախարարությունից։
«2019 թվականի նոյեմբերի 2-ին կայացած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման հայտը սույն թվականի հուլիսին ներկայացվել է դրամաշնորհների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովին։ Հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն), ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍ-ի հետ կնքված պայմանագրում։
Սույն դրամաշնորհը կազմում է՝ 2019 թվականի տարեկան 903 միլիոն դրամ բյուջեի 0,3%-ը: Որքանով են ներկայացման հետ կապված մասնագիտական հանձնաժողովի սպասելիքներն արդարացել, կիմանանք, երբ կազմակերպիչները սահմանված կարգով կներկայացնեն ոչ ֆինանսական և ֆինանսական արդյունքները։ Այնուամենայնիվ, հայտնում ենք, որ այս բեմադրության առիթով նախարարությանը վերագրվող տարաբնույթ մեղադրանքներն անընդունելի են և դիտարկվում են որպես հանրային կարծիքի շահադիտական կառավարման դրսևորումեր»,- ասված է հաղորդագրության մեջ: