2019-ի նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո, որն ուղիղ հեռարձակմամբ կմեկնարկի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ՝ ժամը 22:00-ին։ 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։
«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում։
Ընդհանուր առմամբ հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։
«Կոչ ենք անում համայն հայությանը մասնակցելու համահայկական դրամահավաքին և միասնական ջանքերով զարգացնելու մեր համայնքները։ Գործարկվել է առաջատար տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի մեր նոր կայքը նույն հասցեով, որը հիմնադրամի աշխատանքները դարձնում է լիովին թափանցիկ ու հաշվետու համայն հայությանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս առցանց նվիրատվություններ կատարել ձեր նախընտրած ձևաչափով»,- հայտնում են հիմնադրամից։