Հունվարի 1-ից գազի սակագինը չի բարձրանա,- խորհրդարանում լրագրողներին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Ուղղակի ընթացակարգային էլ արդեն հնարավոր չէ հունվարի 1-ից գին բարձրացնել: Նույնիսկ եթե լինում է հայտ կամ սակագնի վերանայում, կա հայտի ուսումնասիրման օրենքով նախատեսված որոշակի ժամկետ: Ցանկացած դեպքում, երբ հանձնաժողովը սակագների վերաբերյալ որոշում է կայացնում, դրանք ուժի մեջ են մտնում 30 օր հետո»,- ասել է Բաղրամյանը:
Ձմռանից հետո թանկացում նախատեսվում է, թե ոչ, Բաղրամյանն ասել է, որ այժմ քննարկման փուլում է ժամկետային բավական երկար ու մոդելային առաջարկ, և ձմռան ամիսների մասին այնտեղ խոսք չկա:
Անդրադառնալով հաջորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման մասին հարցին՝ ասել է, որ 2 շաբաթվա ընթացքում կճշտեն 2020 թվականի էլեկտրաէներգիայի պահանջարկն ու արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական հնարավոր կլինի ասել, թե հաջորդ տարվա համար ինչ սակագին կլինի: