ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Սպիտակ տուն կհրավիրի ծառայողական այն շանը, որն իր ներդրումն է ունեցել «ԴԱԻՇ» ահաբեկչական ցանցի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի դեմ հատուկ գործողության ժամանակ: Միսիսիպիում ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփն իրեն համեմատել է Քոնան անունով շան հետ և հայտարարել, որ լրատվամիջոցներն այդ շանը շատ ավելի լավ են վերաբերվում, քան՝ իրեն:
«Քոնանն ավելի շատ դրական հրապարակումների է արժանանում, քան՝ ես, և ես ուրախ եմ դրա համար: Քոնանը մի քանի շաբաթից կայցելի Սպիտակ տուն»,- ասել է Թրամփը:
Ի դեպ, Պենտագոնը հայտնել էր, որ Քոնանը Սիրիայում Ալ-Բաղդադիի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորվել էր: Զինվորականները նշում են, որ հավատարիմ զինակիցն առողջանում է: