Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ Թեհրանում, մասնակցել է Իրանական էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին:
Նախարար Պապիկյանը ծանոթացել է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից այստեղ ներկայացված էլեկտրաէներգետիկ արտադրանքի ու սարքավորումների վերջին նորություններին և արտադրական հզորություններին, մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է արտադրատեսակների մատակարարման ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ցուցահանդեսի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Ալի Ֆարահնաքեանի և Իրանում էներգետիկ սարքավորումների ամենամեծ արտադրող «Մափնա» ընկերության ղեկավարի հետ: Մասնավորապես, «Մափնա» ընկերության ղեկավարի հետ զրույցի ժամանակ նախարարը բարձր է գնահատել էլեկտրաէներգետիկ արտադրությունում նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների կիրառման իրանական ձեռքբերումները և հույս հայտնել, որ առաջիկայում Հայաստանը ևս հնարավորություն կունենա իր մասնակցությունն ունենենալ նմանատիպ ցուցահանդեսներին: Նախարարը «Մափնա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանում այլընտրանքային էներգետիկ կայանների կառուցման գործում ընկերության ներգրավվածության հնարավորությունը, մասնավորապես՝ հողմակայանների կառուցման ոլորտում ընկերության մասնակցությունը:
Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: