Արամ Խաչատրյան համերգասրահում, «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում, վաղն առանձին երեկո կնվիրվի վրաց մեծ կոմպոզիտոր Գիա Կանչելիի հիշատակին։
Գիա Կանչելին հրավիրված էր մասնակցելու կոմպոզիտորական փառատոնին, բայց, ցավոք, կյանքից հեռացավ մոտ մեկ ամիս առաջ։ Մաեստրո Կանչելին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն բարեկամներից էր, որի ստեղծագործությունները մեր նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, բազմիցս կատարել է և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան «Գրեմմի» մրցանակակիր, ջութակահար Գիդոն Կրեմերը և թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեն։ Համերգին կմասնակցեն նաև «Այբ» դպրոցի երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկա-երգչախմբային դպրոցի երգչախումբը։ Երեկոյի ընթացքում կհնչեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։