ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը 2019 թ. հոկտեմբերի 27-30-ը աշխատանքային այցով Պեկինում էր՝ մասնակցելու հայ-չինական միջազգային թարգմանչական և զարգացման համաժողովին:
Գործուղման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ` մշակույթի, հրատարակչական գործի փոխանակման և համագործակցության ուղղությամբ:
Պայմանավորվածության համաձայն` Չինական մշակույթի թարգմանության և ուսումնասիրությունների աջակցության ցանցը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստանձնում են չինական և հայկական դասական, մանկական, ճանաչողական գրականության թարգմանության և հրատարակման, միմյանց երկրներում տարածման և հանրայնացման աշխատանքները:
Չինական կողմի առաջարկով կստեղծվի քաղաքակրթությունների հարթակ՝ մշակույթների ուսումնասիրման, փոխանակման և փոխճանաչելիության համար: Առաջիկա 5 տարիներին կողմերը ակտիվորեն կիրարկանացնեն այս նպատակները, ինչը համագործակցության նոր հնարավորություններ կբացի ակադեմիական ուսումնասիրությունների, կրթության և փոխճանաչելիության համար: