Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին` գահակալության 20-ամյակի կապակցւթյամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ:
Դուք իրականացնում եք ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն՝ ուղղված հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու, Մայր Եկեղեցին ավելի բարգավաճ ու զորավոր դարձնելու, քրիստոնեական հավատքն ամրապնդելու վեհ նպատակների իրականացմանը։
Այս բոլոր տարիների ընթացքում միշտ զգացվել է Ձեր հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքն Արցախի նկատմամբ, Ձեր աջակցությունն ու զորակցությունը նրա խնդիրների լուծման գործին, ինչի համար շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, Վեհափառ Տեր, այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արևշատություն։ Թող Աստված պահապան լինի Ձեզ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ի բարօրություն ու բարգավաճում մեր Հայրենիքի»:
Այս մասին գրված է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում: