Բաքվում 30 օրով ձերբակալվել է լրագրող Շամիստան Խազիևը. նա մեղադրվում է խուլիգանության համար: Ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ լրագրողը բերման է ենթարկվել իր տան դիմաց: Ոստիկանները նրան խնդրել են անցնել բաժանմունք, որտեղ էլ երիտասարդին մեղադրել են, թե նա աջակցում է ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցությանը, սոցիալական ցանցերում գրառումներ է անում այդ շարժման ղեկավար Ալի Քերիմլիի օգտին:
Իրավապահները Խազիևին առաջարկել են «մեղայական» գրել առ այն, որ հրաժարվում է իր քաղաքական հայացքներից և զղջում է իր քայլերի համար: Լրագրողը հրաժարվել է, ինչից հետո նրան «խուլիգանության» մեղադրանք են առաջադրել. ըստ ոստիկանների՝ լրագրողն իրեն բերման ենթարկելիս հայհոյել է փողոցում և չի կատարել իրավապահների պահանջները: