«Արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչման ամերիկյան բանաձևը կգոհացնի քրիստոնյա հայերին». նման գլխագրով հոդված է հրապարակել Christianity Today (CT) պարբերականն՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
Պարբերականն արձանագրել է 1915-23 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 մլն հայերի զանգվածաբար սպանությունների փաստը և նշել, որ բանաձևի ընդունումը վերաբերում է այդ ժամանակներում Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող քրիստոնյա բոլոր փոքրամասնությունների զոհերին:
Նշվում է նաև, որ բանաձևը Սենատում հաստատվելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվելու դեպքում ԱՄՆ-ը կպարտավորվի ոգեկոչել Ցեղասպանությունը, կմերժի դրա ժխտումն ու մարդկանց այնպես կկրթի, որ ապագայում կանխվեն նման վայրագությունները:
Հոդվածագիրը նշում է, որ եթե նույնիսկ ամերիկահայերը բավարարվեն այդ բանաձևի ընդունմամբ, Մերձավոր Արևելքի հայերը, որոնք ավելի մոտ են գտնվում իրենց նախնիներից հայրենի հողերը խլած թուրքերին, անպայման կընդվզեն:
Christianity Today-ն անդրադարձել է ԱՄՆ-ում բանաձևի ընդունման գործում կոնգրեսական Ադամ Շիֆի ներդրմանը, որի ջանքերի ու դրական արդյունքի համար պահանջվեց շուրջ 19 տարի:
Հոդվածագիրը խոսում է նաև հակառակ ջանքերի և այն մասին, թե ինչպես է Թուրքիան անդադար փորձում խոչընդոտել գործընթացին՝ միայն մեկ տարվա ընթացքում ծախսելով 13.4 միլիոն դոլար: