Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, որը Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում ներկայացված է 12-ական պատգամավորով ու սենատորով, հանդես է եկել հայտարարությամբ, որում Ֆրանսիայի նախագահին կոչ է անում ճանաչել Արցախի ժողովրդի՝ Հանրապետություն հռչակելու դեմոկրատական գործընթացը։ ՖԿԿ-ն նաև կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը՝ համապատասխան աշխատանք տանել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որպեսզի այս ճանաչումը լինի նաև բազմակողմ միջազգային հարթակներում։ Օ դը Սեն շրջանի կոմունիստական կուսակցության սենատոր Պիեռ Ուզուլյասն ասել է. «Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը որոշել է ճանաչել Արցախի անկախությունը, և մենք խրախուսում ենք Ֆրանսիայի կառավարությանը հետևել մեր այս կոչին և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք համարում ենք, որ ճանաչումը կարևորագույն փուլ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում և հայ, ադրբեջանցի և թուրք ժողովուրդների միջև խաղաղության հաստատման համար։ Մենք անընդունելի ենք համարում, որ Արցախի 150 հազար բնակչությունը շարունակի մնալ առանց իրավունքների, Արցախը ժողովրդավարական պետություն է, որը ժողովրդավարական ճանապարհով ընտրել է իր անկախությունը, այսօր պետք է նրան ճանաչել միջազգայնորեն՝ տալով օրինական կարգավիճակ։ Մենք չենք կարող շարունակել անտեսել այդ ժողովրդի և այդ օրինակելի ժողովրդավար պետության գոյությունը»։ Հայտարարությունում նշվում է նաև, որ Արցախի Հանրապետության գոյությունն անվիճելի է, և որ Արցախում այժմ գործում է Հարավային Կովկասի համար օրինակելի ժողովրդավարություն։