Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» հոբելյանական հինգերորդ ամենամյա միջազգային փառատոնի փակման արարողությանը։
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն ունկնդրել են «Երևան ջազ ֆեստ-2019»-ը եզրափակող համերգը, որի ընթացքում ցուցադրվել է հայկական ջազին նվիրված առաջին անիմացիոն ֆիլմը։ Համերգին ելույթներ են ունեցել հայտնի երաժիշտներ Վահագն Հայրապետյանը, Հրանտ Սթյուարթը, Ջոն Մարշալը և Լյուսի Եղիազարյանը։
Համերգի ավարտին փառատոնի կազմակերպիչները վարչապետին են նվիրել փառատոնի պաստառը՝ այսօրվա երեկոյին ելույթ ունեցած երաժիշտների ստորագությամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման բարձր մակարդակի փառատոն անցկացնելու և այսօրվա գեղեցիկ համերգի համար:
***
«Երևան ջազ ֆեստ»-ը Հայաստանում առաջին մեծամասշտաբ ջազ երաժշտության փառատոնն է, որն անցկացվում է 2015 թվականից։ Այն կազմակերպվել է Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Պրոդաքշն»-ի համատեղ նախաձեռնությամբ: Այս տարի փառատոնը մեկնարկել է «Գրեմմիի» քառակի դափնեկիր, բաս-կիթառահար Սթենլի Քլարքի խմբի համերգով: Փառատոնին մասնակցել են հայ և արտասահմանցի նշանավոր ջազ երաժիշտներ: