ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Արմեն Խաչատրյանը հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, արձանագրել մի շարք ոլորտներում փոխգործակցության ակտիվացման դինամիկան, կարևորել խորհրդարանական ձևաչափով գործակցության խորացումը:
Կողմերը խոսել են նաև երկու երկրների միջև վիզայի ազատականացման ռեժիմ ունենալու հարցի մասին: Ըստ Լիլիթ Մակունցի՝ նախագիծն առաջիկայում կներկայացվի ՀՀ Ազգային ժողով, ինչի վերաբերյալ խմբակցության տրամադրվածությունը դրական է՝ հատկապես այն դեպքում, երբ երկու կառավարությունների միջև առկա է հստակ պայմանավորվածություն:
Դեսպանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին Չինաստանից Հայաստան այցելուների թիվը կազմել է մոտավորապես 9 հազար, իսկ 2019 թ.՝ այդ թիվը հասել է 14 հազարի: Թիան Էրլունը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարի չինացի զբոսաշրջիկների թիվը կավելանա:
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ կրթության և մշակույթի ոլորտներում նկատվում է ակտիվ համագործակցություն: Կարևորվել է նաև տնտեսական բնագավառում փոխգործակցության զարգացումը, ինչի հարցում դեսպանատունը սերտորեն կհամագործակցի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների հետ: