Հերթական աշխատանքային այցով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Մեղրաձոր
խոշորացված համայնքում էր:
Մարզպետն այցելել է Հանքավան բնակավայր, որտեղ արտասահմանցի ներդրողները շուրջ
8000 քմ տարածքում կառուցում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած խմելու
հանքային ջրերի խոշոր գործարան:
Մարզպետը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Ներդրողը վստահեցրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին գործարանը պատրաստ կլինի
շահագործման, իսկ մինչ այդ ընթանում են գործարանի կահավորման, հարակից տարածքի
ասֆալտապատման աշխատանքներ, ներկրվում են համապատասխան սարքավորումներ:
Ներդրողը նախատեսում է իր աշխատակազմը համալրել միմիայն տեղացի մասնագետներով
ու աշխատակիցներով, ինչն էլ մարզպետը ողջունել է ու պատրաստակամություն հայտնել
աջակցելու համայնքի զարգացմանն ուղղված տարբեր գործընթացներին: Ակնկալվում է
շուրջ 200 աշխատատեղի համալրում:
Նշենք, որ գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռ 5 տարի առաջ,
սակայն հիմնական աշխատանքները սկսվել են 2018-2019 թվականների ընթացքում:
Գործարանի արտադրանքն արտահանվելու է հիմնականում ՌԴ և եվրոպական երկրներ,
որտեղ արդեն RARE WATER ապրանքանիշը հավաստագրվել է և անցել սննդի բոլոր
տեսակի սերտիֆիկացումները։
Մարզպետն այցելել է նաև Փյունիկի միջնակարգ դպրոց: Այստեղ աշակերտների հետ
միասին ազդարարվել է դպրոցի հարակից տարածքում մարզասարքերով հագեցած նոր
մարզահրապարակի բացումը:
Հիշեցնենք, որ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակման եզրին էր, սակայն ՀՀ
Կառավարության կողմից հրատապ կարգով չեղարկվել է դեռևս նախկին իշխանությունների
կողմից 2017 թ. ընդունված որոշումը՝ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակելու մասին, և
ֆինանսական վերաբաշխումների միջոցով հրատապ ֆինանսական միջոցներ են հատկացվել
դպրոցին՝ 2018-2019 թթ. ձմռան վառելափայտի ձեռքբերման ու աշխատավարձերի
ապահովման համար (քանի որ պետբյուջեով դա այլևս նախատեսված չէր):
Հատկացված ֆինանսական միջոցներով մասնակի վերանորոգվել ու թիթեղապատվել է
դպրոցի տանիքը (200 քմ), վերանորոգվել է 4 սանհանգույց, ինչպես նաև դպրոցի հարակից
տարածքում կառուցվել է համայնքային մարզահրապարակ, որն արդեն իսկ բնակիչների
կողմից ակտիվորեն շահագործվում է:
Նշենք, որ դպրոցում ներկայումս սովորում է 40 աշակերտ, որոնց թիվը յուրաքանչյուր տարի ավելանում է:
Հաջորդիվ մարզպետն այցելել է Արտավազի մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին ու
շփվել երեխաների հետ: Ներկայումս մանկապարտեզ են հաճախում 30 փոքրիկներ:
Հավելենք, որ նորակառույց մանկապարտեզն իր դռներն է բացել այս տարվա մայիսի 1-ին
և Կոտայքի մարզում միակն է, որի ողջ ֆինանսական հարցերը լուծվում են բացառապես
համայնքապետարանի միջոցներով, և ծնողներից որևէ վարձավճար չի գանձվում։