Երևանի կենդանաբանական այգին ահազանգում է Երևանի տարածքում չստերջացված և վտանգավոր շների ոհմակի վտանգի մասին, որը նաև հանրային անվտանգության ապահովման խնդիր է, քանի որ ոհմակ կազմած, արդեն կենդանու որս արած շները վտանգավոր են թե՛ կենդանիների, թե՛ մարդկանց համար: Կենդանաբանական այգու բնակիչներն արդեն երկրորդ անգամ շների ոհմակի զոհ են դառնում: Այգու տնօրինությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 1-ին լույս առավոտ՝ մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում, Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել:
Շների ներթափանցման հետ կապված մարդկային գործոնի բացառման համար դիմել ենք նաև ՀՀ իրավապահ մարմիններին՝ նախաքննություն սկսելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին թափառող շների զոհ էին դարձել կենգուրուները: