Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում փակուղի չկա: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք թիրախային և նպատակաուղղված աշխատում ենք բանակցային գործընթացում: Երբևէ չենք դանդաղեցրել և ձգձգել գործընթացը, վերջին հանդիպումը եղավ սեպտեմբերին, նախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը լինելու է շատ շուտով: Այս պահին երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում չենք ծրագրում, բայց կարող է ամեն պահի ամեն ինչ լինել: Որևէ փակուղի չենք տեսնում բանակցություններում, շարունակում ենք աշխատել»,- նշեց նախարարը:
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցին: «Սա լինելու է պաշտոնական այց մեր ռազմավարական գործընկեր երկրի արտգործնախարարի կողմից: Մենք ունենք բավական դինամիկ շփումներ, բավական ակտիվ երկխոսություն, և մեր օրակարգը չափազանց լայն է թե՛ երկկողմ հարցերին վերաբերող, թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ առումով մեր համագործակցությանը տարբեր հարթակներում: Մենք ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և սա նույնպես երկխոսության թեմա է»,- ասաց նա: