Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է Չինաստանի մեքենաշինական ընկերության (China Machinery Engineering Company CMEC) ներդրումների և ֆինանսների բաժնի գլխավոր տնօրեն Զանգ Զուին և «Ռոյալ Ֆրոնտ» միջազգային կազմակերպության էքսկլյուզիվ մենեջեր և խորհրդի անդամ Սինա Ֆաթթահին և նրանց գլխավորած պատվիրակության անդամներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գեղարքունիքի մարզում այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության ուղղությամբ կատարվելիք ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հանդիպման սկզբում մարզպետը ներդրողներին ծանոթացրել է մարզի տնտեսական հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին, Հայաստանի Հանրապետության էներգետիկ քաղաքականությանը, օրենսդրությանը և ենթակառուցվածքներին, այս ոլորտում բիզնես ծավալելու հնարավորություններին:
«Մեր մարզում այս պահին գործում են արևային ֆոտովոլտային երկու կայան՝ մոտ 10 մեգավատ հզորությամբ: Շուտով կկառուցվի նաև 250 մեգավատ հզորության կայան Մեծ Մասրիկում: Հողմակայանների կառուցման հայտեր են ներկայացրել արտասահմանյան երեք ընկերություններ: Մենք շահագրգռված ենք, որպեսզի այլընտրանքային էներգիայի արտադրության ծավալները մարզում ավելանան, այս ոլորտում ներգրավվեն ավելի շատ ու ավելի խոշոր ներդրողներ: Ձեր արտադրած էներգիան ամբողջովին գնվելու է պետության կողմից, պետությունը միաժամանակ երաշխավորում է ձեր գործունեության անվտանգությունը և պայմանագրով սահմանված ժամկետները: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում մեր պետության քաղաքականությունը միտված է երկու ուղղությամբ: Առաջին ուղղությամբ խնդիր է դրված՝ ավելացնելու այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները, իսկ երկրորդ ուղղությամբ՝ հզորացնելու էներգետիկ ընդհանուր ցանցերը, որպեսզի արտադրվող էներգիան հնարավոր լինի կառավարել ու իրացնել: Մեր երկրում այժմ արտադրվող էլեկտրաէներգիայի 80 տոկոսը ստացվում է 3 խոշոր ջերմակայաններում ու ատոմակայանում՝ գազի և ուրանի հումքերի հաշվին, որոնք ներմուծվում են, ուստի մեր Կառավարությունը չափազանց շահագրգռված է այլընտրանքային էներգիայի արտադրությամբ, որպեսզի կարողանա ավելի էժան ծախսերով արտադրված էներգիան ավելի շահավետ գներով արտահանել հարևան երկրներ: Դուք այսօր կարող եք այցելել արդեն գործող արևային կայաններ, կարող եք անձամբ դիտել այն հողատարածքները, որտեղ հնարավոր կլինի արտադրական գործունեություն ծավալել, կարող եք նաև հանդես գալ համապատասխան առաջարկներով, որոնք կներկայացվեն Կառավարության ուշադրությանը: Ձեր համաձայնության դեպքում մենք կհաստատենք հուսալի համագործակցություն, իսկ դուք կստանաք բավարար աջակցություն՝ էներգետիկ ոլորտում բիզնես ծավալելու նպատակով»,- ներկայացրել է Գնել Սանոսյանը:
Չինաստանի մեքենաշինական ընկերության ներկայացուցիչները մանրամասնորեն հետաքրքրվել են Հայաստանի էներգետիկ ռեսուրսներով, զարգացման հեռանկարներով, օրենսդրական դաշտով ու զարգացման ռազմավարությամբ՝ բարձրացված բոլոր հարցերի շուրջ մարզպետից ստանալով միանգամայն համոզիչ ու սպառիչ պատասխան: