ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի
Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան
Անդրեա Վիկտորինին:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը դեսպանին հայտնել է Հայաստանի և նաև
Հայաստանի Ազգային ժողովի ամուր հանձնառությունը՝ Եվրամիության հետ
հարաբերությունները զարգացնելու, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված
գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ Հայաստանում իրականացվող զանազան ծրագրերին և ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել է այն ուղղություններն ու ծրագրերը, որոնք Հայաստանը մտադիր է իրականացնել:
Անդրեա Վիկտորինը նշել է, որ շատ ուրախ է տեսնել այն առաջընթացը, որն արձանագրել է
Հայաստանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է և ցանկանում է աջակցել ՀՀ-ում ընթացող
բարեփոխումներին: Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող
հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ի հետ Ազգային ժողովի համագործակցության արդեն
իսկ գործող և մի շարք հնարավոր նոր ծրագրեր:
Անդրեա Վիկտորինը հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է օժանդակել
Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում: