ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ արդեն տևական ժամանակ է՝ ինքը ԱՄՆ Կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և այժմ Ներկայացուցիչների պալատը խախտել է երկար լռությունը:
«Այժմ մենք Սենատին և նախագահ Թրամփին կոչ ենք անում նույնն անել»,- Կոնգրեսում հայտարարել է Գաբարդը:
Կոնգրեսականը նշել է, որ ամերիկյան պատմությունը միահյուսված է հայ ժողովրդի և Հայոց ցեղասպանության պատմության հետ, քանի որ այդ մեծ ողբերգության մասին աշխարհին պատմել են նաև Օսմանյան կայսրությունում այդ ժամանակ գտնված ամերիկացի միսիոներները:
Գաբարդի խոսքով՝ ինքը հիմա էլ տեսնում է, որ Թուրքիան չի վախենում նմանատիպ հանցագործությունը կրկնելուց, ինչի վառ օրինակը Սիրիայում վերջին ռազմական օպերացիան է քրդերի դեմ: