Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ընդունեց ազատման դիմում գրելու առաջարկը: Քիչ առաջ նա գրառում է կատարել «Ֆեյսբուքի» էջում, մասնավորապես, նշելով.
«Թեպետ որոշումը կայացրել եմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, լիահույս եմ, որ լիազորություններիս դադարեցման արդյունքում այլևս կավարտվի կենդանիների անկումների շարանը (այդ թվում՝ թափառող շների հարձակումները), քանի որ աշխատանքիս թիրախում մշտապես ունեցել եմ կենդանիների բարեկեցությունն ու հանրային անվտանգությունը:
Պաշտոնապես հայտարարում եմ, որ մշտապես եղել եմ և շարունակելու եմ լինել Երևանի կենդանաբանական այգու կողքին՝ որպես աջակից, ինչպես նաև քաղաքային իշխանությունների թիմակից և ընկեր՝ մշտապես աջակցելով այգու բարեկարգման որդեգրած ուղին առաջ տանելու հարցում:
Շնորհակալ եմ քաղաքային իշխանություններին՝ ցուցաբերած վստահության համար և է՛լ ավելի շնորհակալ իմ թիմին՝ իր աշխատանքային պարտականությունները մշտապես գերակատարելու և Կենդանաբանական այգու թռիչքաձև զարգացման ուղին որդեգրելու համար»: