2019-2000 թթ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է: Առաջադրման
փուլը պաշտոնապես մեկնարկել էր 2019 թ. մայիս 16-ին՝ Միասին խաղաղ ապրելու միջազգային օրը՝ ընդգծելով միասին ապրելու և արարելու ցանկությունը՝ հանուն խաղաղ, համերաշխ, ներդաշնակ և կայուն աշխարհի ստեղծման: Մեկնարկից սկսած հարյուրավոր առաջադրումներ են ստացվել, որոնցից 593-ը չկրկնվող, եզակի թեկնածուներ են:
Անդրադառնալով առաջադրումների ընթացքին՝ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին ասել է. «Առաջադրումները, որոնք ստացել ենք, ներկայացնում են 593 չկրկնվող թեկնածուների: Նրանցից յուրաքանչյուրը բացառիկ է յուրովի: Եվ կարծում եմ, արդար կլինի ասել, որ մենք էլ՝ որպես ընտրող հանձնաժողովի անդամներ, մեր անելիքն ունենք: Ամեն տարի մենք շարունակում ենք ավելի ու ավելի հետաքրքիր պատմություններ բացահայտել անվախ ու սրտացավ մարդկանց մասին, որոնք վտանգում են ամեն ինչ՝ ուրիշներին օգնելու համար: Ինչ խոսք, սա ոգեշնչող է: Ու քանի որ «Ավրորա» շարժումն անընդհատ
մեծանում է, մենք մտադիր ենք շարունակել պատմել այս անհայտ հերոսների՝ մարդասերների անհավանական նվաճումների մասին, որպեսզի աշխարհը ճանաչի նրանց»:
Բոլոր առաջադրված թեկնածուներին այժմ կուսումնասիրի և կգնահատի մարդասիրության ոլորտում հայտնի փորձագետներից կազմված խորհուրդը: Նրանք կառանձնացնեն հավանական թեկնածուներին, որոնք, ըստ նրանց, ամենաարժանին են «Ավրորա» մրցանակին: Գնահատման գլխավոր չափանիշներն են՝ խիզախությունը, նվիրվածությունը և ազդեցությունը, որոնք դրսևորել են առաջադրված թեկնածուները: Դրանից հետո «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը կընտրի 2020 թ. «Ավրորայի» հերոսներին, որոնց անունները կհայտարարվեն 2020 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը:
Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին՝ Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ
առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրենը: Հանձնաժողովի կազմում են՝ Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանթա
Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ և Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական և գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են՝ խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։
2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն 2020 թ. ապրիլի 24-ին, որին կհետևեն մի շարք միջոցառումներ՝ մեծարելու մարդասերներին և «Ավրորա» մրցանակի հավակնորդներին: Միջոցառումները կեզրափակվեն 2020 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ: