ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր՝ մարզպետարանի աշխատակազմին ներկայացնելու նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին:
Ներկայացնելով Արարատ Գրիգորյանին՝ նախարարն ընդգծել է, որ վերջինս իր գործունեության ընթացքում հանդես է եկել իբրև գործունյա և իր գործին նվիրված անձնավորություն, իրավական ոլորտում անցած ճանապարհով ցույց է տվել, որ արժանվույնս կարող է ղեկավարել մարզը:
«Ես վստահ եմ, որ առաջիկայում համատեղ ուժերով արձանագրելու ենք նորանոր հաջողություններ: Ուզում եմ շնորհավորել պարոն Գրիգորյանին՝ այս պատասխանատու և կարևոր առաքելության կապակցությամբ, որովհետև սա մի փուլ է, երբ Հայաստանում մեր կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու, այդ ճանապարհին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ հաղթահարելու խնդիր է դրված, ուստի՝ բավականին պատասխանատու, կարևոր և պատվաբեր առաքելություն է»,- ասել է ՀՀ ՏԿԵ նախարարը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին մեկամյա գործունեության ընթացքում մարզային կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար և նկատել, որ վերջինիս կայացրած որոշումը բխում է նոր Հայաստանի քաղաքական գործչի հանրային պատասխանատվության բարձր զգացումից։
Շնորհավորելով և աշխատանքային հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ Տրդատ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախարարին հնչեցրած գնահատականների և ցուցաբերված վստահության համար, որով միասին հնարավոր է եղել մարզում շատ խնդիրներ լուծել և որոշների լուծման սկիզբ դնել։
Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը մարզի կառավարումը իրեն վստահելու համար։
«Հետևողական եմ լինելու, որ մարզում իրականացվեն Կառավարության բոլոր ծրագրերը պատշաճ որակով և համապատասխան ժամկետներում: Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք առաջընթաց ենք գրանցելու. իմ ամբողջ գործունեությունն ուղղված է լինելու դրան»,- գործընկերներին ուղղված խոսքում նշել է Գրիգորյանը։