Ավելի քան ութուկես տարվա քաղաքացիական պատերազմից հետո սիրիական հակամարտության բոլոր կողմերն առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել: Ժնևում այսօր իր աշխատանքն է սկսել Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ պետք է մշակի Սիրիայի մայր օրենքի նոր նախագիծը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Փեդերսենը նիստի բացմանը հայտարարել է, որ «պատմական իրադարձություն է տեղի ունեցել»:
«Այն փաստը, որ դուք պատրաստ եք երկխոսություն սկսել՝ հզոր հույսի ազդակ է սիրիացիների համար»,- ասել է Փեդերսենը:
Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը կազմված է 150 ներկայացուցիչներից. 50 ներկայացուցիչ սիրիական կառավարությունից են, 50-ը՝ ընդդիմությունից, 50-ը՝ քաղհասարակությունից:
Այս մարմինն առաջիկա ամիսներին պետք է մշակի երկրի նոր սահմանադրության նախագիծ, որը հետագայում պետք է հիմք դառնա ՄԱԿ-ի հովանու ներքո ազատ ընտրությունների անցկացման համար: