Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը Հյուսիսատլանտյան դաշինքի օրակարգում է:
«Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին: Այդ որոշումը մենք կայացրել ենք դեռ 2008 թվականին` Բուխարեստի գագաթնաժողովի ընթացքում: Այդ որոշումն այսօր էլ շարունակում է ուժի մեջ մնալ, և մենք այն բազմիցս վերահաստատել ենք»,- Օդեսայում նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը Ուկրաինա էր ժամանել նախօրեին` Դաշինքի անդամ պետությունների մի քանի տասնյակ դեսպանների ուղեկցությամբ: ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձանց հավաստմամբ՝ այցի գլխավոր նպատակը դաշինքի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աներկբա աջակցությունը մեկ անգամ ևս ընդգծելն է:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ եթե ուկրաինացիներն իրոք ուզում են անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա նախ պետք է երկրի զինված ուժերը հետևողականորեն համապատասխանեցնեն դաշինքի չափանիշներին, ապա նաև՝ լուրջ ուշադրություն դարձնեն բարեփոխումների իրագործմանը: