Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Կատարում անցկացվող «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «Խելացի քաղաք» 2019-ի (Smart City expo Doha 2019) բացման հանդիսավոր արարողությանը և «Խելացի քաղաքներ և ապագայի ճանապարհ» թեմայով նախարարական քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։
Հակոբ Արշակյանը խոսել է հայկական տեխնոլոգիական առաջընթացի ու զարգացումների մասին, նշել, որ դեռևս խորհրդային տարիներից հայկական ինժեներական և ալգորիթմական դպրոցն ամենաուժեղներից մեկն էր, և պատահական չէ, որ այդ տարիներին Հայաստանը սիլիկոնյան հովիտ էր համարվում։
Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հայտարարել է տնտեսության գերակա ուղղություն: Այն ամեն տարի 25% աճ է գրանցում: Ներկայում համապատասխան քայլեր են իրականացվում արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների, ոլորտի մյուս ճյուղերի արագ ու դինամիկ զարգացման համար։ Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել արհեստական բանականության կիրառելիության առանձնահատկություններից՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են մարդկանց կենսակերպն ու աշխատանքային գործունեությունը դյուրացնելուն։
Նախարարը խոսել է նաև տեխնոլոգիական կրթության կարևորության մասին, նշել, որ պետք է սկսել դպրոցից, հետո՝ ԲՈՒՀ, ակադեմիա, և այս շղթայի ճիշտ կազմակերպումն արդեն իսկ նկատելի հաջողություններ է գրանցել։
Հայաստանը գրավիչ տեխնոլոգիական միջավայր դառնալու ճանապարհին Հակոբ Արշակյանը կարևորել է ազդեցիկ հայկական Սփյուռք ունենալու փաստը, որը հնարավորություն է տալիս ոչ միայն հայաստանյան, այլև Հայաստանում գործունեություն սկսել ցանկացող օտարերկրյա ընկերություններին կապել աշխարհի շուկաների հետ։