ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:
ԱԺ նախագահը շեշտել է, որ նրա ղեկավարած կազմակերպության արժեքները լիովին համընկնում են մեր արժեքների հետ, և Հայաստանը կիսում է այդ արժեքները:
«Իրավունքի, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը սերտորեն կապված են թափանցիկության, հաշվետվողականության հետ․ հենց այՍ սկզբունքներն ու ռազմավարական տեսլականն ենք մենք որդեգրել անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո: Այս իրադարձություններին զուգահեռ Հայաստանում տեղի ունեցավ անցում կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգ, և մենք շատ ուրախ ենք, որ «Բաց կառավարման գործընկերությունը» իր լիազորություններն ընդլայնում է՝ գործադիր ճյուղից բացի փորձելով գործողություններ իրականացնել խորհրդարանական կառավարման ուղղությամբ: Սա իսկապես լիովին համընկնում է մեր մոտեցումների հետ»,- ասել է Արարատ Միրզոյանը:
ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն արդեն որոշակի քայլեր է իրականացրել այս ուղղությամբ, մասնավորապես՝ քաղաքացիների առջև բացել է խորհրդարանի այգու դռները, այժմ պլանավորում է հիմնել այցելուների կենտրոն, որպեսզի քաղաքացիները կարողանան նաև շրջագայություններ անել Ազգային ժողովի տարածքում, ստեղծել ինտերակտիվ վեբպորտալ, հիմնադրել անալիտիկ փորձագիտական կենտրոն:
Սանջեյ Փրադանն ընդգծել է, որ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում՝ որպես ժողովրդավարական տպավորիչ առաջընթաց արձանագրած երկիր: Փրադանը նշել է, որ Թավշյա հեղափոխությունը ՀՀ քաղաքացիների կողմից տրված մեծ ազդակ էր, որն արտահայատում էր երկրում փոփոխություններ իրականացնելու կամքը:
Սանջեյ Փրադանը հայտարարել է, որ «Բաց կառավարման գործընկերությունը» պատրաստ է լիովին աջակցել Հայաստանին ժողովրդավարության ճանապարհին: Նա ՀՀ Ազգային ժողովի նախագահին մի շարք առաջարկություններ է ներկայացրել, որոնք կարող են բարձրացնել քաղաքացիների վստահությունը բարեփոխումների նկատմամբ, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակակոռուպցիոն, տնտեսական, դատական բարեփոխումների ընթացքում:
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Սանջեյ Փրադանին բարձր գնահատականի և աջակցության համար: