Հոկտեմբերի 30-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲԸ-ն այլ ընկերության վարձակալության հանձնելու և օտարելու գործընթացի շրջանակում պետությանը հասցված ավելի քան 2 միլիարդ դրամ վնասի մասին։
Դատախազությունն ուսումնասիրությամբ պարզել էր, որ կառավարության 2010 թվականի որոշմամբ «Ն» ընկերությանը վարձակալությամբ հանձնված «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն» օտարվել է «Ն» ընկերությանը՝ 541.7 միլիոն դրամով։ Մինչ այդ՝ 2006-ից, «Ն» ընկերությունը վարձակալել էր նշված տարածքը, միչդեռ ըստ դատախազության՝ «ընկերությունը երբևէ որևէ վարձավճար չի վճարել», գույքի օտարման և վարձակալության հանձնման դեպքում առկա են «պետական ՓԲԸ շահերին հակասող, միակողմանի, ոչ շահավետ դրույթներ», իսկ ներդրումային ծրագրի շրջանակում գույքն օտարելու քննարկման ժամանակ կառավարությանն անարժանահավատ տվյալներ են տրամադրվել։
Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության մասին է։ Ընկերության հիմնադիրն ու սեփականատերը ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանն է, որն ԱՄՆ-ում սննդի արտադրությամբ զբաղվող Global Bakeries ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է։ Բոյաջյանը համարվում է բարեգործ, Հայաստանի համահայկական հիմնադրամի խոշոր նվիրատուներից է։ Հայաստանում հիմնված «Նյու հորիզոն գրուպ ինկի» գլխավոր տնօրենը Ալբերտ Բոյաջյանի որդին է՝ Էրիկ Բոյաջյանը։
Օտարված մարզահամալիրի գույքային մակերեսը գերազանցում է 32.000 քառակուսի մետրը, իսկ հողային մակերեսը՝ 76.000 քառակուսի մետրը։ Համալիրը ներառում է հյուրանոցային երկու մասնաշենք, 4 մարզադահլիճ, ավտոտնակներ, ջրային բուժական կենտրոն, այլ կառույցներ ևս։
Այդ ընթացքում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը ԲՀԿ-ի քվոտայով նշանակված Արմեն Գրիգորյանն էր։
«Նյու հորիզոն գրուպ ինկը» գրանցված է ԱՄՆ-ում՝ Նևադայում։ Ընկերության սեփականատերը Բոյաջյանների ընտանիքն է։ Ալբերտ Բոյաջյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, որը Համահայկական խաղերի կոմիտեի նախագահն է, իսկ Բոյաջյանը՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը։ Բոյաջյանի անունը հասցրել է քննարկվել նաև Հայաստանի խորհրդարանում։
Պատգամավորական գործունեության տարիներին, մի քանի տարի շարունակ, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում փորձում էր պարզել, թե ի՞նչ միջոցներով է Իշխան Զաքարյանը կառուցել միլիոնավոր դոլարների հասնող իր առանձնատունը։
Ի պատասխան՝ Զաքարյանը, որ այդ տարիներին Վերահսկիչ պալատի նախագահ էր, պարզաբանել էր՝ առանձնատունը կառուցել է Ալբերտ Բոյաջյանի տրամադրած ֆինանսական միջոցներով։
Փաշինյանը, սակայն, մեջբերել էր Բոյաջյանի մի հարցազրույց, որտեղ վերջինս հայտարարել էր, թե ինքն Իշխան Զաքարյանին տրամադրել է ֆինանսական միջոցներ իր՝ Բոյաջյանի՛ համար առանձնատուն կառուցելու նպատակով։ Զաքարյանն այս դիտարկմանը խուսափել էր պատասխանելուց։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ ճշտող հարցի, թե՝ արդյո՞ք, Ալբերտ Բոյաջյանը սեփականաշնորհել է պետական օբյեկտ, Զաքարյանը դրական պատասխան էր տվել ու մատնանշել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը։
Մարզահամալիրի օտարման հետ կապված քրեական գործը ուղարկվել է Քննչական կոմիտե:
Նախաքննությունը շարունակվում է։