2020 թ. Հայաստանի պետական բյուջեի միջոցներով հիմնովին կնորոգվեն և կվերակառուցվեն 8 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն և 22 մարզային հանրակրթական դպրոց: Այս մասին Ազգային ժողովում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև հրապարակել է դպրոցների ցանկը, որտեղ 2020 թվականին կապիտալ շինարարական աշխատանքներ են կատարվելու: Այդ դպրոցներն են՝
ՀՀ Արարատի մարզ - Դեղձուտի միջնակարգ դպրոց
ՀՀ Արմավիրի մարզ - Արգինայի միջնակարգ դպրոց
ՀՀ Գեղարքունիքի մարզ - Լեռնահովիտի միջնակարգ դպրոց, Շատջրեքի միջնակարգ դպրոց, Ջիլի միջնակարգ դպրոց
ՀՀ Լոռու մարզ - Մեդովկայի միջնակարգ դպրոց, Հագվու միջնակարգ դպրոց
ՀՀ Շիրակի մարզ - Արեգնադեմի միջնակարգ դպրոց, Բերդաշենի միջնակարգ դպրոց, Կապսի միջնակարգ դպրոց
ՀՀ Սյունիքի մարզ - Հարժիսի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց, Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց
ՀՀ Տավուշի մարզ - Կիրանցի միջնակարգ դպրոց, Դովեղի միջնակարգ դպրոց
ՀՀ Վայոց ձորի մարզ - Գոմքի միջնակարգ դպրոց, Չիվայի միջնակարգ դպրոց, Եղեգիսի միջնակարգ դպրոց
ՀՀ Կոտայքի մարզ - Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոց
ՀՀ Արագածոտնի մարզ - Լուսակնի միջնակարգ դպրոց, Գառնահովիտի միջնակարգ դպրոց
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2019 թ. ՀՀ պետական բյուջեի հավելյալ մուտքերից 2,5 մլրդ դրամ է հատկացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին, որի շրջանակում կատարվել են նախագծային աշխատանքներ: Կատարված նախագծերի իրագործումը կպահանջի շուրջ 28 մլրդ դրամ: Եթե հետագայում պետությունը հատկացնի նոր միջոցներ, դրանք կիրագործվեն:
Ռոբոտիկայի լաբորատորիաների համար նույնպես 2018 թվականին լրացուցիչ գումարներ են հատկացվել` մոտ 800 մլն դրամ:
Մինչև 2019 թվականի տարեվերջ՝ դպրոցների 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» լաբորատորիաներով, որոնցում աշխատող մասնագետների աշխատավարձի համար պահանջվող գումարները նախատեսված են 2020թ. պետական բյուջեում:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2020 թվականին Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադա, որի կազմակերպման համար բազմաթիվ նոր լաբորատորիաներ են ձեռք բերվելու, որոնք հետագայում կտրամադրվեն հանրակրթական դպրոցներին:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. պետական բյուջեի նախագծում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարության համար նախատեսված է 21 ծրագիր, 176 միջոցառում, որոնց իրականացման համար առաջարկվում է հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ: 2019 թվականի համեմատ՝ գալիք տարվա հատկացումներն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով կամ 12,9 տոկոսով: