Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը, ներկայացնելով բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նշել է, որ դրանք հիմնականում առնչվում են ենթակառուցվածքներին և ուղղված են երկրում կյանքի որակի բարելավմանը:
Հայաստանի նախագահն արդյունավետ է գնահատել բանկի հետ համագործակցությունը՝ նշելով, որ հաջողված ծրագրերը դրա լավագույն վկայությունն են: Նախագահը միևնույն ժամանակ առաջարկել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ապագային միտված նախագծերին` վստահություն հայտնելով, որ մեր երկրի ապագան նորարարություններն ու նորագույն տեխնոլոգիաներն են, արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում գործակցությունը:
Այս համատեքստում Արմեն Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որն ի թիվս այլ բաղադրիչների՝ նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնելու։
«Դա կստեղծի ճիշտ միջավայր և կօգնի երիտասարդներին սովորել խոշոր ընկերություններից»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը: