Washington Post հեղինակավոր պարբերականը խորքային անդրադարձ է կատարել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձի ընդունմանը, դրան աջակցող ու ընդդիմացող գործողություններին ու ջանքերին: Հոդվածագրի հավաստմամբ՝ այս ամենը տևել է ավելի քան 100 տարի՝ մինչև ԱՄՆ Կոնգրեսի գոնե կեսը ճանաչել ու հաստատել է, որ բռնություն է տեղի ունեցել, և, որ՝ Միացյալ Նահանգներն այլևս չպետք է նույնականացվեն «Հայոց ցեղասպանությունը և ցանկացած այլ ցեղասպանություն ժխտողների հետ»:
Սակայն, ի տարբերություն անցած տարիների, այդ ամբողջ դինամիկան փոխեց մեկ հեռախոսազանգ. առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու՝ Դոնալդ Թրամփը զանգահարել է Էրդողանին և համաձայնության եկել Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորախմբերը դուրս բերելու հարցում՝ Թուրքիային թույլ տալով ռազմական գործողություններ սկսել քրդերի դեմ, որոնք երկար տարիներ իսլամիստների դեմ պայքարում և համարվում էին ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը:
Այսպիսով, Անկարան կորցնում է Կապիտոլիումի աջակցությունը, որին հետևում են պատժամիջոցները, որոնք, ի դեպ, նույնպես ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը:
Թուրքիայի դեմ արշավի վերջին կետը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն էր: Այս բանաձևի ընդունմանն, ամենայն հավանականությամբ, նպաստել է Սիրիայում թուրքերի կողմից քրդերի էթնիկ զտումների մեկնարկը:
Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում, Ներկայացուցիչների պալատում, գլխավոր խաղացողը հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆն էր: Չնայած Շիֆի մեծ ու հետևողական ջանքերին՝ գործընթացի առաջխաղացմանն ամեն կերպ ու հնարավոր բոլոր միջոցներով խոչընդոտում էր Անկարան:
Թուրքիայի կառավարությունն ու գործընկեր դաշնակիցների համատեղ լոբբինգը, տասնամյակներ շարունակ, միլիոնավոր դոլարներ է ծախսել՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ Կոնգրեսում կանխարգելելու նպատակով:
2017-18թթ. Թուրքիայի կառավարությունը Վաշինգտոնում լոբբինգ իրականացնելու համար ծախսել է 13.4 միլիոն դոլար: Չնայած թուրքական բոլոր ջանքերին ու ահռելի ծախսերին, ինչպես Ադամ Շիֆն է ասում՝ «Այսօրվա իրադարձությունն այդ պայքարն անիմաստ է դարձնում»:
«Այսօր էլ մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարվում են, և անցյալից եկող արձագանքն այնքան ուժգին է, որ հնարավոր չի՛ լինի անտեսել»: