Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով 2019 թ. անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Այս մասին նշված է շրջակա միջավայրի նախարարության մշակած որոշման նախագծում:
Լճում մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք (2019 թ․ մաքրվելիք տարածքը ներառյալ), որից 826 հեկտարը՝ ճահճապատ և ջրածածկ տարածքներ։ «Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ»,- նշված է նախագծում:
Վերջին տարիների ընթացքում Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում լճի ջրի որակի և մաքրության վրա: Լճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման արդյունքում առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման պրոցեսներին` արդյունքում առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր:
Դրանք գումարվելով ծառաթփային բույսերի փտելու հետևանքով գոյացող տոքսիկ նյութերին՝ խիստ բացասական ազդեցություն կունենան լճի կենդանական աշխարհի բնականոն զարգացման վրա` սկսած լճի էկոհամակարգի սննդային շղթայի բուրգի հիմքից` բենթոսից և պլանկտոնից, ընդհուպ սննդային բուրգի գագաթը` արդյունագործական նշանակություն ունեցող ձկները և խեցգետինը, ինչպես նաև ջրլող թռչունները: