Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, որոնք իրականացնում են Հայաստանի սուվերեն վարկանշման գործընթացը:
Փոխվարչապետը կարևորել է կազմակերպության կողմից կատարված և կատարվելիք աշխատանքը՝ մեծ նշանակություն տալով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից երկրի կարևորագույն ոլորտներում առկա իրավիճակի վերլուծությունը և գնահատումն իրականացնելու գործընթացին:
«Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության առաջ քաշած առանցքային բարեփոխումների շրջանակը:
Մհեր Գրիգորյանը խոսել է նաև կապիտալ շուկայի զարգացման կարևորության մասին՝ նշելով, որ դա հանդիսանում է Կառավարության ամենօրյա օրակարգի հարցերից մեկը:
Փոխվարչապետը ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում ակնկալվող բարեփոխումների հիմնական շրջանակը՝ որպես առաջնային խնդիր առանձնացնելով գործառույթների ճիշտ ալգորիթմերի ձևավորումն ու թվայնացումը:
Անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային քաղաքականությանը, ինչպես նաև պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ, փոխվարչապետը նշել է մեր երկրի առավելություններն ու տնտեսության զարգացման հնարավորությունները: