Կատալոնիան երբեք դուրս չի գա Իսպանիայի կազմից: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը «Անտենա 3»-ին տված հարցազրույցում:
«Կատալոնիայի խնդիրն անկախությունը չէ, որը երբեք չի լինի: Կատալոնիայի տարածքում գոյություն ունի գոյակցության խնդիր: Մենք ականատես ենք լինում անկախության շարժման ձախողմանը քաղաքական տեսանկյունից»,- ասել է Սանչեսը:
Նա նաև հավաստիացրել է, որ պատրաստ է երկխոսություն վարել տարածաշրջանի իշխանությունների հետ «ժողովրդավարական օրինականության շրջանակում»: Կատալոնիայի կառավարությունը շարունակում է պնդել ինքնավար շրջանի ինքնորոշման վերաբերյալ հանրաքվեի անհրաժեշտությունը: Մադրիդը հայտարարում է, որ դա թույլ չի տա: