ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտոնապես ճանաչեց 1915 թ. Հայկական ջարդերը որպես Ցեղասպանություն: BBC-ն փորձել է պարզել, թե ինչ է հետևում Ներկայացուցիչների պալատի անսպասելի քայլին, ինչպե՞ս այն կազդի Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա, և ինչ դերակատարություն ունեցավ հայկական լոբբին բանաձևի ընդունման գործում: Այն ուժի մեջ է մտնում առանց Սենատի և Միացյալ Նահանգների նախագահի հավանության: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը նախազգուշացրել է, որ բանաձևը կթունավորի Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև քաղաքական մթնոլորտը: Ամերիկայի կողմից ցեղասպանության ճանաչումը խորհրդանշական նշանակություն ունի, բայց դա ուղղակի չի ազդում պետքարտուղարության և ամերիկացի դիվանագետների դիրքորոշման վրա, հայտարարել է Լոուրենս Բրոերսը՝ Հարավային Կովկասի հարցով փորձագետ և բրիտանական Conciliation Resources («Հաշտեցման աղբյուրներ») կազմակերպության կովկասյան ծրագրի տնօրենը: Երեքշաբթի քվեարկությունից առաջ փաստաթղթի քննարկման ընթացքում Կոնգրեսի անդամները ավելի շատ խոսեցին պատմական արդարության խնդիրների մասին, քան՝ արտաքին քաղաքականության: Խորհրդարանի ամբիոնից Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Ստան Հոյերն ասել է, որ փաստաթուղթը Թուրքիայի դեմ չէ, այլ Օսմանյան կայսրությունում պատմական իրադարձությունների մասին: «Բանաձևը ազդանշան է մեր հայ եղբայրներին և քույրերին, ինչպես նաև քուրդ եղբայրներին ու քույրերին, որ ԱՄՆ-ը չի լքի նրանց»,- հավելել է Հոյերը: Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը հայտարարել է, որ 19 տարի պայքարում էր բանաձևի ընդունման համար: «Մենք երբեք չենք մոռանա,- ասել է կոնգրեսականը՝ ելույթը արցունքներով ընդհատելով,- մենք չենք լռելու»:
Հոդվածում նշվում է, որ Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը պաշտոնապես Ներկայացուցիչների պալատ ներկայացվել էր հունվարին, բայց ընդունվեց հիմա՝ կապված Թուրքիայի քաղաքականությունից Կոնգրեսի դժգոհության հետ, հատկապես՝ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ գործողության համար: Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային տեղահանություններն ու սպանությունները տեղի են ունեցել 1915-ին և ցեղասպանություն են ճանաչվում Ռուսաստանում, Բրազիլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում: ԱՄՆ կառավարությունը ավանդաբար խուսափել է այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանել, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է:
«Եթե անցյալում ցեղասպանության ճանաչումը զոհաբերվում էր Թուրքիայի նկատմամբ արտաքին քաղաքականության նկատառումներով, հիմա էլ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց դրա օգտին նույն պատճառներով, այնուամենայնիվ, Ամերիկայի կողմից ցեղասպանության ճանաչումը չի մոտեցնում վերջնական նպատակին: Այսօրվա աշխարհաքաղաքական համատեքստում բանաձևը կարող է համարվել Թուրքիային պատժելու փորձ»,- ասել է փորձագետ Լոուրենս Բրոերսը:
«ԱՄՆ-ի Կոնգրեսում Թուրքիայի նկատմամբ աճող թշնամությունը սկսեց ի հայտ գալ քրդերի դեմ Սիրիա թուրքական ներխուժումից հետո»,- գրում է BBC-ի թուրքական ծառայության լրագրող Իրեմ Կոկերը: Այնուամենայնիվ, բանաձևի ընդունումը կարող է վնասել այն գործին, որը Թուրքիայում իրականացրել է քաղաքացիական հասարակությունը վերջին տարիներին՝ կարծում է Eurasianet-ի կովկասյան բաժնի խմբագիր Ջոշուա Կուչերը: «Ինձ համար դրա դեմ ուղղված ամենակարևոր փաստարկն այն է, որ վերջին տարիներին Թուրքիան շատ առաջ է գնացել սեփական անցյալն ընդունելու հարցում: 1915 թվականի ցեղասպանությունից առաջ Թուրքիայի իշխանությունը հայերին ներկայացրել է որպես Արևմուտքի հինգերորդ շարասյուն, և նման իրադարձությունները ջուր են լցնում այս մոտեցման ջրաղացին: Այնուամենայնիվ, վերջին տարիներին ձախ և լիբերալ հայացքների թուրքերն ու հայերը շատ կարևոր աշխատանք են կատարել այդ շահարկումները մերկացնելու համար: Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը հաղթաթուղթ է տալիս դավադրության տեսության կողմնակիցներին»,- ավելացնում է Կուչերը: