Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հանդիպել է Ֆուչիկի 1/3 նորակառույց շենքի բնակիչների հետ, որոնք դժգոհ են հարևանությամբ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրի կառուցման հեռանկարից: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ինչպես նաև կառուցապատող ընկերության ներկայացուցիչներ:
2019 թ. մարտ ամսին Երևանի քաղաքապետարանը Ֆուչիկի 1/1 և 1/2 հասցեների համար տրամադրել է նախագծման թույլտվություն, որի հիման վրա մշակվել է նախագիծ: Կառույցը գնահատվել է բարձր ռիսկայնության օբյեկտ, հետևաբար սահմանված կարգով այն ենթարկվել է նաև պետական համալիր փորձաքննության: Մինչ այդ կառուցապատողն այս տարվա հոկտեմբերին ստացել է միայն հիմքերի կառուցման շինթույլտվություն: Նոր կառուցվող բազմաբնակարան շենքի հարևանությամբ ապրող բնակիչները նշում են, որ նախագիծը մի շարք խախտումներ ունի՝ կառուցապատման խտության և հարևան շենքի լուսավորության տեսանկյունից։ Նախագիծը ինսոլացիոն՝ արևահարման ռեժիմի հաշվարկման է ենթարկվել կառուցապատողի հարևանությամբ՝ Ֆուչիկի 1/3 նորակառույց շենքում ապրող բնակիչների կողմից: Երկու հաշվարկների արդյունքները տարբերվում են իրարից:
Լսելով բնակիչների ու կառուցապատող ընկերության ներկայացուցիչների դիտարկումները՝ Արթուր Մեսչյանն առաջարկել է պատվիրել անկախ փորձաքննություն և իրականացնել նոր ինսոլացիոն ռեժիմի հաշվարկ:
Երևանի գլխավոր ճարտարապետը կառուցապատողին ներկայացրել է երկու հստակ պահանջ. նախ՝ նոր կառուցվող բազմաբնակարան շենքի հարևանությամբ շուրջ 3000 քմ տարածքի վրա ձևավորվող հանգստի գոտին պարտադիր պետք է հասանելի լինի նաև Ֆուչիկի 1/3 շենքում ապրող բնակիչներին, և երկրորդ՝ կառուցապատողը պարտավորվել է նորակառույց համալիրի տարածքում ստեղծել նաև մանկապարտեզ, ինչը ոչ միայն հարմար կլինի շենքի բնակիչների համար, այլև իր հերթին կթեթևացնի Երևանի մանկապարտեզների հերթերի խնդիրը:
Կարևորելով Երևանի գլխավոր ճարտարապետի նախաձեռնությամբ կայացած հանդիպումը՝ բնակիչները նկատել են, որ շահագրգիռ բոլոր կողմերին հնարավորություն է տրվել արտահայտելու իրենց անհանգստացնող հիմնական խնդիրներն ու մտահոգությունները: