ԱՄՆ Կոնգրեսը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին՝ 405 կողմ, 11 դեմ ձայներով։ Մինչև քվեարկությունը կոնգրեսականները հանդես եկան ելույթներով։ Ադամ Շիֆն ասաց՝ եկել է պահը, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ֆրենկ Փալոնն իր ելույթում հայտարարեց, որ ժամանակն է՝ Թուրքիան ստանձնի պատասխանատվություն հայերի համակարգված բնաջնջման համար։
Բանաձևով հաստատվում է Ներկայացուցիչների պալատի կարծիքը, ըստ որի՝ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝
1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով
2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը
3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայում իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը: