ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունմանը: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվեցին պատմական HR Res 296 բանաձևում: Սա հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խորին շնորհակալություն կողմ 405 ձայների համար: Եվս մեկ հնարավորություն ՝ աշխատել ամբողջ աշխարհում զանգվածային վայրագությունները կանխելու ուղղությամբ»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը: