«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը հատեց եզրագիծը: Հոկտեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացված հատուկ արարողության ընթացքում հայտարարվեցին այս տարվա անիմացիոն կինոտոնի հաղթող ֆիլմերի անունները:
Լավագույն լիամետրաժ ֆիլմ ճանաչվեց Անկա Դամիանի «Մարոնայի ֆանտաստիկ պատմությունը»:
Կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում հաղթեց Դինա Վելիկովսկայայի «Կապերը»: Հատուկ հիշատակման արժանացան Բրունո Քոլեթի «Հիշարժան»-ը և Ռեջինա Պեսոայի «Քեռի Թոմաս, օրերի հաշիվը», առանձնահատուկ հիշատակման՝ Թոմաս Ռենոլդների «Չգիտեմ ինչ»-ը:
Հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմեր անվանակարգում հաղթեց Նաթանիել Լիմի և Կլեմանց Մադլեն-Պերդրիլայի «Իմ կյանքը Վերսալում» ֆիլմը: Հատուկ հիշատակման արժանացավ «Բեղմնավորում. Քեթի + Ջեն»-ը (Moth Studio):
Ավարտական ֆիլմեր անվանակարգում լավագույն ֆիլմ ճանաչվեց Դարիա Կաշչերայի «Դուստր»-ը: Հատուկ հիշատակման արժանացավ Սաշա Վասիլևի «Ողջույն, սիրելիներս»-ը:
Երաժշտական հոլովակների անվանակարգում հաղթեց Սիմոն Լեհեմբրի «Քայլ առ քայլ»-ը: Հատուկ հիշատակման արժանացավ Վերոնիկա Ստեփանյանի և Լուսինե Պետրոսյանի «Սերունդները երաժշտության մեջ»-ը:
Լավագույն հայկական անիմացիա՝ Լև Ատամանովի անվան մրցանակ, ստացավ «Քուչա»-ն (Yelling Studio):
Սփյուռքի լավագույն ֆիլմ ճանաչվեց Արսեն Արզումանյանի «Թռչունների բովը»: