Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև կայուն և զարգացման խոստումնալից հեռանկարներ ունեցող փոխգործակցությունը՝ մասնավորապես, ընդգծելով ՀԲ-ի վարկային միջոցներով Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Իվան Դրաբեկն իր հերթին շեշտելով Հայաստանի հետ համատեղ իրականացրած աշխատանքների հաջողված ընթացքը՝ վերահաստատել է, որ գործադրվելու են առավելագույն ջանքեր դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ մասերը, մասնավորապես՝ միջհամայնքային փոխհարաբերությունների ամրապնդման և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բաղադրյալ ծրագրի իրականացմանը, շահառուների կենսապայմանների բարելավմանը, հանրային ծառայությունների մատուցմանը, սոցիալական կապիտալի և ինստիտուցիոնալ ներուժի զարգացմանը, բնակիչների եկամուտ ստանալու հնարավորությունների ընդլայնմանն առընչվող հարցեր:
Սուրեն Պապիկյանը նկատել է, որ բանկի հետ համագործակցությունը նոր զարկ է հաղորդել համայնքների կարողությունների զարգացման հեռանկարին և վարչատարածքային բարեփոխումներին՝ անհրաժեշտ համարելով հետագա համագործակցությունը ծառայեցնել մեծ ներուժ, բայց և զարգանալու ու կատարելագործվելու կարիք ունեցող համայնքներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
«Բանկի հետ ծրագիրը մենք համարում ենք հաջողված, իսկ հաջողված ծրագրերը շարունակվելու կարիք ունեն»,- ասել է նախարարը: