Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» թերթի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը, սիրիահայերի պաշտպանությանը և այլ թեմաների:
Խոսելով Սիրիայում բնակվող հայերի անվտանգության մասին՝ ռուս-թուրքական պայմանավորվածությունների ֆոնին, Փաշինյանը հայտնել է, որ այդ հարցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ռուսաստանի նախագահը խոստացել է և պահել է խոստումը: Նա ասել էր, որ բանակցության ընթացքում հաշվի կառնվեն Կամիշլիի հայերի շահերը: Ես տեղեկացրել էի նրան, որ այնտեղ մեծ համայնք է ապրում: Մենք տեսնում ենք, որ այդ զրույցը որոշակի դրական արդյունք է ունեցել»,- ընդգծել է վարչապետը:
Խոսելով Ադրբեջանին զենք մատակարարող երկրների մասին, որոնց թվում են նաև ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի դաշնակից պետությունները, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը, վարչապետը շեշտել է կառույցի արդյունավետության գործոնը:
«Բոլորն են սպասում, որ կբարձրանա գազի գինը, հարցը միայն այն է, թե՝ երբ. այս ձմռա՞նը, թե՞ գարնանը, ինչն է խանգարում պայմանավորվել»՝ լրագրողի հարցին էլ վարչապետը պատասխանել է, որ այդ ուղղությամբ ընթանում է բանակցություն, և «այն կտա կոնկրետ արդյունք»:
«Հայաստանում տնտեսական շատ լավ դինամիկա է արձանագրվում: Այդ հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով. դա տնտեսական զարգացման հարց է: Կարծում եմ, որ մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի համար էլ կարևոր է, որ գազի գինն այնպիսին լինի, որ չկոտրի Հայաստանի տնտեսական զարգացման դինամիկան»:
Հարցազրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ Հայաստանի համար Եվրոպայի և Ռուսաստանի միջև ընտրության հարց չկա: «Իսրայել Օրին, որին ընդունված է համարել մեր տարածաշրջանում ռուսական ներկայության նախաձեռնողներից մեկը, նպատակ ուներ եվրոպական որևէ բանակի աջակցությամբ մեր երկիրն ազատել թուրքական ու պարսկական տիրապետությունից: Սկզբից նա այդ նպատակով գնաց Գերմանիա, ապա՝ Վիեննա, որտեղ հռոմեական կայսրը նրան խորհուրդ տվեց դիմել ռուսական ցարին: Այս է պատճառը, որ մեր առաջ չկա հարց՝ ընտրել Եվրոպայի և Ռուսաստանի միջև, որովհետև մեզ համար Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: