Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:
Արարատ Միրզոյանը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարսխված քրիստոնեական, ժողովրդավարական և համամարդկային միևնույն արժեհամակարգին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը խորին երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 1915 թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման համար:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին, Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով լուծմանը: Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բանակցությունների ներկա ընթացքը, շեշտել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական հռետորաբանությունը, բանակցություններում գրանցված յուրաքանչյուր առաջընթաց պետք է ողջունելի լինի: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է միջազգային գործընկերների կողմից տարբեր հարթակներում հավասարակշռված և կառուցողական մոտեցումների ցուցաբերումը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում համաձայնեցված ձեւակերպումների կիրառմամբ:
Ռոբերտո Ֆիկոն, համաձայնելով հռետորաբանության վերաբերյալ Միրզոյանի տեսակետին, ընդգծել է, որ Իտալիան շարունակելու է նպաստել երկխոսության կայացմանը, որը միակ ճանապարհն է` հակամարտությանը խաղաղ և տևական լուծում տալու համար:
Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերոջը` հնարավորինս սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ամուր իրավական հիմքերի վրա կդնի Հայաստանի հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի հետ, այլև կաշխուժացնի կապերը բոլոր անդամ երկրների հետ: