Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանը և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մասնակցել են ՀՀ ՊՆ նոր ռազմամարզական վարժարանի հիմնարկեքի արարողությանը:
Վարժարանի համար հատկացված մոտ 46.000 քմ. տարածքում շուտով վեր կխոյանա միջազգային լավագույն չափանիշներով կառուցված, գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, ռազմամարզական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով հագեցած նոր համալիր:
Վարժարանի շինարարությունն իրականացվելու է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեխնիկական աջակցությամբ՝ շինարարական և կառուցապատման նորագույն տեխնոլոգիաների ու ճարտարապետական լուծումների կիրառմամբ: