Կատարի տրանսպորտի և կապի նախարարի հրավերով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Դոհայում մասնակցում են «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին։
Մերձավոր Արևելքի կարևորագույն այս միջոցառմանը մասնակցում են 21 երկրների նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա են եղել նաև Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մի շարք երկրների արտաքին գործերի, տեղեկատվության, հաղորդակցության և տեխնոլոգիաների ոլորտների ղեկավարներ:
Հանդիսավոր պայմաններում բացվել է նաև հայկական տաղավարը, որտեղ նախարարը hյուրընկալել է Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ֊ Թանիին և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին։ Հակոբ Արշակյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրել է հայկական տաղավարը և նվիրել հայկական արտադրության «Volterman» խելացի դրամապանակներ, որից հետո շրջել է ցուցահանդեսի տաղավարներով։
Համաժողովի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է նաև Մյունխենյան անվտանգության համաժողովին (MSC) և Կիբերանվտանգության թեմայով կլոր սեղան-քննարկմանը: