Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանը, ԱՄՆ ՄԶԳ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին՝ միջոցառումը հնարավոր դարձնելու համար և նշել, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների կառավարությունները գիտակցում են, որ հարկերից խուսափելու, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցներից մեկը իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկության հասանելիությունն է:
Բաց կառավարման գործընկերության գործադիր գլխավոր տնօրեն Սանջայ Փրադհանը, կարևորելով Հայաստանում այս թեմայով աշխատաժողովի անցկացումը, նշել է, որ Հայաստանը ԲԿԳ անդամ երկրների շրջանակում դիտվում է որպես ժողովրդավարության պայծառ կետ, և Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, իրապես, համընդհանուր ոգեշնչում էր բոլորի համար:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության ներկայիս նպատակը ժողովրդավար հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելն է: Այս համատեքստում Սանջայ Փրադհանը կարևորել է իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված աշխատանքները՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջնային գործիք:
«Այսօր շատ երկրներում, որտեղ այս տեղեկությունը բաց է, անցկացվում են ժողովրդավար ընտրություններ, քաղաքացիները վստահում են իրենց կառավարությանը, պետական մարմիններին: Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը նպաստում է Կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին: Սա շատ կարևոր գործընթաց է նաև բիզնեսի համար»,- շեշտել է Սանջայ Փրադհանը՝ մտացածին որակելով այն մոտեցումը, թե իրական սեփականատերերին բացահայտելու գործընթացը կարող է վնասել ներդրումային միջավայրը: