Քրդական ուժերը դեռևս ամբողջովին չեն հեռացել թուրք-սիրիական սահմանից՝ ինչպես պայմանավորվել էին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները Սոչիում:
Թեմայի վերաբերյալ իրենց անհանգստությունն են արտահայտել Թուրքիայի իշխանությունները, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել է, որ քրդական ուժերի և նրանց սպառազինության դուրսբերման վերջնաժամկետը լրանում է:
«YPG ահաբեկչական կազմակերպության ուժայինները դեռևս «Խաղաղության ակունք» ռազմագործողության տարածքում են: Հակաահաբեկչական պայքարը դեռ չի ավարտվել: Մենք քաջատեղյակ ենք, որ այն չի ավարտվի»,- ասել է Աքարը՝ հավելելով, որ մոտ 1000 քուրդ զինյալ գտնվում է Մանբիջում, ևս 1000-ը՝ հարևան Թել Ռիֆաթում:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Սիրիայի քրդերին տրված վերջնաժամկետը: Դրանից հետո ռուսական ու թուրքական զորախմբերը Սիրիայի տարածքում 10 կմ երկայնքով համատեղ վերահսկողություն կհաստատեն: