Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիին:
Ողջունելով Սենատի նախագահին՝ Միրզոյանը չափազանց կարևորել է հայ-իտալական միջխորհրդարանական շփումները և համոզմունք հայտնել, որ այս այցով, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, հիմք է դրվում առավել ակտիվ համագործակցության: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ մեր երկու երկրներում գործող խորհրդարանական համակարգը շատ ավելի մեծ հնարավորություններ ու ներուժ է պարունակում և այն անհրաժեշտ է իրագործել լիարժեքորեն:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ժամանակաշրջանում ակտիվացել են շփումները բարեկամական խմբերի միջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ համագործակցել նաև ԵԱՀԿ ԽՎ և ԵԽԽՎ պատվիրակությունների մակարդակով:
ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Սենատի կողմից 2019 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար: Երկուստեք հույս է հայտնվել, որ հնարավորինս մոտ ապագայում այն կվավերացվի նաև Իտալիայի պատգամավորների պալատի կողմից: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հայկական կողմն ակնկալում է նաև իտալացի գործընկերների աջակցությունը վիզաների ազատականացման երկխոսության գործընթացը մեկնարկելու հարցում:
Մարիա Էլիզաբետա Կազելատին գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև բարձրաստիճան շփումների աշխուժացման կապակցությամբ` հատուկ ընդգծելով Հայաստանի Ազգային ժողովի և Իտալիայի Սենատի պատգամավորների միջև հաճախակի դարձած հանդիպումներն ու քննարկումները՝ ներառյալ հանձնաժողովների մակարդակով:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` Կազելատին նշել է, որ Իտալիան շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հավասարակշռված դիրքորոշմանը: Պատասխանելով Արարատ Միրզոյանի այն դիտարկմանը, որ իտալական խորհրդարանի հարթակը երբեմն օգտագործվում է ԼՂ հիմնահարցում խաղաղ գործընթացին չնպաստող շահարկումներ անելու համար, Մարիա Էլիզաբետա Կազելատին նշել է, որ Իտալիայի խորհրդարանի մոտեցումները համահունչ են պետության պաշտոնական դիրքորոշմանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տնտեսական և մշակութային կապերի ակտիվացմանը: